ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՓՈԽՈՒՄ Է ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2019-03-12
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՓՈԽՈՒՄ Է ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 430-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԵԹԵ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ…
ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան, եթե հարկ վճարողի չկատարված հարկային պարտավորությունը 500 հազար դրամ կամ ավելի է լինում, պարտավորությունների գանձման որոշումն անհապաղ չկատարելը, ներկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համարում է բավարար հիմք ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, հետևաբար կիրառում է արգելանք հարկ վճարողի գույքի վրա:
Նման վարչարարությունն առաջացնում է հարկ վճարողների դժգոհությունը՝ հաշվի առնելով, որ հարկային պարտավորություններն անհապաղ չկատարելը հաճախ պայմանավորված է անհրաժեշտ միջոցների բացակայությամբ և նրանք այդ պարագայում գույք թաքցնելու, փչացնելու կամ սպառելու մտադրություն չեն ունենում: Խնդիրը կարգավորելու նպատակով ՊԵԿ-ը 10 երկրների օրինակով ուսումնասիրել է արգելադրման գործընթացի միջազգային փորձը:
Հարկ վճարողների համար պարտավորությունների վճարման առավել բարենպաստ պայմաններ և հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ ՊԵԿ-ը փոխում է արգելադրման գործընթացում իրականացվող վարչարարությունը` առաջարկելով հարկ վճարողներին յուրաքանչյուր դեպքում ներկայացնել իրենց համար բարենպաստ փաստերը: Արգելադրման գործընթաց չի իրականացվի, եթե պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո, ողջամիտ ժամկետում վերջիններիս կողմից ներկայացվեն բավարար ապացույցներ՝ հարկային պարտավորությունների վճարման անհնարինության վերաբերյալ: Նման ապացույցներ կարող են համարվել դեբիտորների կողմից պարտավորությունները սահմանված կարգով չկատարելը հավաստող ապացույցները, ինչպես նաև հարկային պարտավորությունների վճարման անհնարինությունը հավաստող այլ հանգամանքներ ու փաստաթղթեր:
Միաժամանակ, միջազգային փորձի հիման վրա կներկայացվի օրենսդրական փոփոխությունների առաջարկ, որով կհստակեցվեն արգելանքի կիրառման կանոններն՝ առանց գործող շեմը նվազեցնելու: